Փոքր, ավանդաբար ռուսամետ նախկին խորհրդային հանրապետություն Հայաստանում վերջերս տեղի ունեցավ զանգվածային ցույցերի դիտարժան ժայթքում։ Առերևույթ էլեկտրաէներգիայի սակագների բավականին փոքր բարձրացման դեմ էր։ Սակայն Մոսկվայում պահպանողական լրագրողներն ահազանգեր հնչեցրին՝ պնդելով, որ Ամերիկան փորձում է փոխել Ռուսաստանին ենթակա ևս մեկ ռեժիմ։ Սոցիոլոգիան կարող է առաջարկել ավելի քիչ դավադիր բացատրություն։ Խոշոր բողոքական շարժումները հաճախ լինում են հանկածակի և ինքնաբուխ, քանի որ կառուցվում են ներքին հարցերի շուրջ քաղաքացիների նախկին միկրոմոբիլիզացումների վրա։ Ցուցարարներին ջրցան մեքենաներով ցրելու և 237 հոգու ձերբակալելու մասին տեղեկությունը Երևանը կարծես պայթեցրեց։ Ինչպես 2013-ի նոյեմբերին տեղի ունեցավ Եվրամայդանում, ոստիկանական գործողությունը հրահրեց նոր թափով բողոքի ալիք։
Հոդվածագիրներ Ժաննա Անդրեասյանը (ԵՊՀ) և Գեորգի Դերլուգյանը (Աբու Դաբի, Նյու Յորքի համալսարան) The Washington Post-ի իրենց հոդվածում անդրադառնալով ամիսներ առաջ Քիմ Քարդաշյանի՝ հայրենիք այցին, նշում են, որ զոհ լինելու հայկական պատմությունը Դյուրկգեյմյան տեսության դասական իմաստով կարևոր է. արտաքին հակամարտությունները նպաստում են սոցիալական խմբերի համախմբմանը։ Արտակարգ հակամարտությունը, ինչպես ցեղասպանության հիշողությունները, նպաստում են արտակարգ համախմբվածության։ Սա օգնում է բացատրել, թե ինչու այդքան վատ առաջին բախումը հետ մղելուց հետո հայկական իշխանությունները զգուշորեն խուսափեցին ուժ գործադրել հայ երիտասարդների վրա։ Բողոքական շարժումը ստացավ քաղաքական հնարավորությունների իր պատուհանը։
Փորձելով լիցքաթափել իրադրությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է բազմության ներկայացուցչներին իր նստավայր՝ քննարկման։ Ցուցարարները հպարտորեն հայտնել են, որ չունեն ոչ առաջնորդներ, ոչ բանակցորդներ։ Փոխարենը նրանք հանդես են եկել որպես մեկ ամբողջություն՝ մեկ պարզ պահանջով. «Չեղարկել գների բարձրացումը»։
Մինչ այս ցույցը, առանց առաջնորդի ցանցային մարտավարությունը լավ է աշխատել հայ ցուցարարների համար վերջին տարբեր արշավներում, որոնք կենտրոնացած են եղել տեղական սոցիալական հարցերի վրա՝ ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող անտառների և հանրային տարածքների պաշտպանություն կամ պահանջներ՝ չեղարկելու ավտոկայանման տուգանքները, երթուղայինի վարձավճարների բարձրացումը կամ կենսաթոշակների մասնավորեցումը։
Ակտիվիստները սովորել են նոր մարտավարություններ, որոնք միաժամանակ և բռնի չեն, և սոցիալապես ընդունելի են։ Ալկոհոլից խուսափումը պարտադիր է։ Ցույցերի ժամանակ ոգին պահպանում են ժողովրդական երգերով, պարերով և խաղերով։ Ամենակարևորն այն է, որ թվացյալ անմեղ ձևերով իշխանություններին ամաչեցնելը սկսեց փոքր հաղթանակներ բերել, որը զարմացրեց և ոգեշնչեց շարքային քաղաքացիների զանգվածներին։ Միանգամայն հստակ է, որ նոր քաղաքական սերունդը հասել է չափահասության։ Այդ շարժումը Հայաստանում հաջորդ ընտրությունները դարձնում է ավելի քիչ կանխատեսելի, քան ընդամենը մեկ ամիս առաջ էր։